Կորպորատիվ կառավարում

Կորպորատիվ կառավարման սկզբունքները սահմանվեցին 1999թ. մայիսին ОЭСР –ի (Организация экономического сотрудничества и развития) կողմից, որը ներառում էր`

  • Բաժնետերերի իրավունքների պահպանում,
  • Բաժնետերերի (մեծ, փոքր) իրավունքների հավասարազորություն,
  • Շահագրգիռ անձանց դերը և մասնակցությունը ընկերության կառավարմանը,
  • Գործունեության թափանցիկություն և տեղեկատվության բացահայտում,
  • Մենեջմենթի (գործադիր մարմնի) պարտականությունները:

Այնուհետև դրա հիման վրա Բազելյան կոմիտեն 1999թ. սեպտեմբերին ընդունեց "Совершенствование корпоративного управления в кредитных организациях" փաստաթուղթը:

Փաստաթղթում օգտագործված է ОЭСР–ի մոտեցումը, համաձայն որի կորպորատիվ կառավարումը բնորոշվում է որպես «ընկերության մենեջմենթի, տնօրենների խորհրդի, բաժնետերերի և այլ շահագրգիռ կողմերի հարաբերությունների շրջանակ»: Բացի այդ, կորպորատիվ կառավարումը ներառում է ընկերության նպատակների սահմանման և դրանց հասնելու համակարգերը, ինչպես նաև վերահսկողության մեխանիզմի մշակումը: Պատշաճ կորպորատիվ կառավարումը պետք է ապահովի համապատասխան խթան տնօրենների խորհրդի և մենեջմենթի համար՝ հասնելու այն նպատակներին, որոնցում շահագրգռված են ընկերությունը և բաժնետերերը: Այն պետք է նպաստի նաև գործուն վերահսկողության իրականացմանը՝ խթանելով ընկերության միջոցների արդյունավետ օգտագործումը:

Կորպորատիվ կառավարման տարրերը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում սկսել են ներդրվել դեռևս 1998 թվականից, երբ «կորպորատիվ կառավարում» տերմինն առավել հիշատակելի էր տեսական, գիտական հրապարակումներում, որպես ընկերությունների արդյունավետ զարգացման գրավական:

1997 թվականից սկսվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեության վերակառուցման գործընթացը, որին ձեռնամուխ էին եղել բանկի նոր հիմնական բաժնետերերը: Այն նպատակաուղղված էր միջազգային չափանիշներով բանկային կառույցի կայացմանը, ինչը պահանջում էր առաջավոր համաշխարհային փորձի տեղայնացում և ներդրում:

Սթափ գնահատելով բանկերի արդյունավետ զարգացման միջազգային մոդելները՝ բանկի նոր ղեկավարությունը կարևորեց կորպորատիվ կառավարման նշանակությունը և հեռանկարը, քայլ առ քայլ վերակառուցելով բանկի ընթացիկ գործունեությունը, իսկ կառավարումը՝ կառուցելով կորպորատիվ սկզբունքների համաձայն:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման առաջին գործընթացներից հիշատակելի են հետևյալ միջոցառումները`

  • Ներքին հսկողության դերը բարձրացնելու նպատակով բանկի Վերահսկողության վարչությունը վերաենթարկվեց Խորհրդին (1998թ.),
  • Սկսվեց ձևավորվել բանկի զարգացման նոր մեթոդոլոգիական բազան,
  • Մշակվեցին բանկի գործունեության, կառավարման մարմինների գործառույթները սահմանող կարգերը և կանոնակարգերը,
  • Հստակորեն սահմանազատվեցին Խորհրդի և Գործադիր մարմնի գործառույթները,
  • Մշակվեց և բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվեց ժողովների հրավիրման կարգը, որտեղ հստակ սահմանված էին բաժնետերերի իրավունքները ժողովներին՝ ըստ այդմ բանկի կառավարմանը մասնակցելու հետ կապված,
  • Մշակվեց շահաբաժինների վճարման կարգը:

Բանկի բաժնետոմսերի թողարկման Ազդագրերում (1996 թվականից սկսած իրականացվել է 11 թողարկում) առավել մանրամասն բացահայտվել է պահանջվող տեղեկատվությունը բանկի գործունեության, նրա բաժնետերերի, բանկի կառավարման մարմինների վերաբերյալ, բացի այդ բանկը հասարակությանը առավել ճանաչելի է դարձել բանկի գովազդային քաղաքականության շնորհիվ:

Բանկի նման կանոնակարգված և թափանցիկ գործելաոճն առավել գրավեց միջազգային խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը և հետաքրքրությունը և 2005թ. դրությամբ, բանկի հետ առավել ակտիվ համագործակցող միջազգային կառույցը` ՎԶԵԲ-ը դարձավ բանկի ռազմավարական բաժնետեր` 25% գումարած մեկ բաժնետոմս փայամասնակցությամբ: Գոհունակությամբ պետք է փաստենք, որ բանկի կանոնակարգվածությունը, բյուջետավորման, պլանավորման, ռազմավարության մշակման, մասնաճյուղերի ռեյտինգավորման, ռիսկերի կառավարման գործող մեթոդաբանությունը բարձր գնահատվեցին ՎԶԵԲ-ի պատվերով բանկին տեխնիկական օժանդակություն ցուցաբերող Լլոյդս Թի Էս Բի բանկի խորհրդատուների կողմից:

Հատուկ կցանկանայի անդրադառնալ կորպորատիվ վարքականոնների խնդրին: Գաղտնիք չէ, որ կորպորատիվ կառավարումն ենթադրում է ոչ միայն օրենսդրությամբ սահմանվող բանկի գործունեության կառավարումը, թափանցիկությունը, շահերի պաշտպանությունը կարգավորվող դրույթները, այլ նաև գործարար էթիկայի և սովորույթներին բնորոշ նորմերի և սկզբունքների սահմանում, որը եթե արտասահմանում ձևավորվել էր պատմականորեն, մեզ մոտ նոր էր արմատավորվում և պետք է ամրագրվեր համապատասխան կորպորատիվ վարվեցողության վարքականոններում:

Նմանատիպ առաջին փաստաթուղթը բանկում ընդունվեց 2001 թվականին և հետագայում այն կատարելագործվեց: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Վարքականոնները վերանայվում են պարբերաբար` սահմաված կարգով:
Ծանոթանալով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Վարքականոններին՝ ցանկացած պոտենցիալ բաժնետեր, ներդրող, հաճախորդ կհասկանա, թե ինչ կառույցի հետ է համագործակցելու, ինչ գործարար էթիկա և արժեքներ են արմատավորված, ինչ կառավարման սկզբունքներ կան և այլն:

Որպես կորպորատիվ կառավարման կարևորագույն տարր` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում մշակվել և ներդրվել է ներքին հսկողության, ռիսկերի կառավարման, ներքին աուդիտի, բանկի անվտանգության ապահովման գործուն համակարգեր և մեխանիզմներ:

Ամփոփելով նշեմ, որ ՀՀ օրենսդրական դաշտի զարգացմանը զուգահեռ մշտապես կատարելագործվում է բանկի ներքին իրավական դաշտը` գործող նորմատիվ ակտերը առավել նպատակաուղղված բանկի թափանցիկ գործելաոճին: Իսկ վերը նշված ողջ գործընթացների արդյունավետ իրականացման կարևորագույն գրավականը` դա բանկի կայացած բարձր որակավորում ունեցող մասնագիտական թիմն է:

 

Հասցե՝ 0002 Երևան, Ամիրյան 23/1
Էլ-փոստ՝ board@aeb.am
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Խորհուրդ

Թարմացվել է` 03 Մայիս 2017 | 12:32