09
Հուն

«Նշանակալից տարի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պատմության մեջ» (հարցազրույց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ)

Պարո՛ն Սուքիասյան, հունիսի 23-ին կայանալու է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ (ՀԷԲ) տարեկան ժողովը, որտեղ կամփոփվի Բանկի 2016թ. գործունեությունը: Ինչպիս՞ին է Ձեր գնահատականը նախորդ տարվա վերաբերյալ:
- 2016թ.-նը շատ ուժ և եռանդ պահանջեց մեզանից, և գործադրված ջանքերն ապարդյուն չանցան: Ավելին, նախորդ տարին, կարծում եմ, ամենանշանակալիցներից մեկն էր ՀԷԲ-ի պատմության մեջ: Դատեք ինքներդ. Բանկն իրեն միացրեց ԲՏԱ բանկը, ապահովեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային կապիտալի համար սահմանված և 2017թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը: Բանկի ընդհանուր կապիտալն աճեց 6 անգամ` ի հաշիվ բաժնետոմսերի թողարկման և ԲՏԱ Բանկի միացման: Ինչպես տեսնում եք, Հայէկոնոմբանկի համար 2016թ.-ը վստահաբար կարելի է որակել որպես ձեռքբերումների և վերելքի տարի:
- Նորմատիվային կապիտալի կտրուկ համալրման անհրաժեշտությունը դժվարություններ չառաջացրե՞ց:
- Ոչ, քանի որ պատրաստ էինք այդ համալրմանը և անշեղորեն իրագործում էինք մեր կողմից մշակված ռազմավարական ծրագիրը: Ասեմ ավելին. նույնիսկ կապիտալը համալրելու և ԲՏԱ բանկը ՀԷԲ-ին միավորելու դժվարին և պատասխանատու գործընթացին զուգահեռ՝ Բանկը 2016-ին զգալի աճ է գրանցել հաճախորդներին տրված վարկերի, հաճախորդներից ներգրավված ավանդների գծով, ինչը խոսում է հաճախորդների կողմից Բանկի նկատմամբ շարունակաբար աճող վստահության մասին:
Այս բոլոր նվաճումները ՀԷԲ-ի որդեգրած զարգացման ռազմավարության հետևողական իրականացման արդյունք են, բաժնետերերի, Խորհրդի, Վարչության անդամների և Բանկի բոլոր աշխատակիցների արդյունավետ և ակտիվ գործունեության վկայությունը:
-Իսկ ինչպիսի՞ն է շուկան այսօր, և որ՞ն է ՀԷԲ-ի մրցակցային առավելությունը:
- Գաղտնիք չի, որ Հայաստանի առևտրային բանկերը այս ժամանակահատվածում հիմնականում իրացվելիության խնդիր չունեն: Միաժամանակ, շուկայում մրցակցությունը շատ է սրվել։ Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Արդյունքում առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք ավելի մատչելի ռեսուրսներ ունեն և ավելի ճկուն են ներկայիս մրցակցության պայմաններում: Իհարկե, հաջողությունն ուղեկցելու է նրանց, ովքեր արժևորում են հաճախորդի դերը. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ:
Հայէկոնոմբանկի հաջողությունները, կարծում էմ, պայմանավորված են մի շարք գործոններով: Մենք ավանդաբար առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման հիմունքներով` խոշոր և փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ և պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ ընկերության կառավարմանը: Նման գործելաոճը մեծապես գրավում է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողներին, որոնք ցանկանում են տեսնել, թե ինչպես են օգտագործվում իրենց ներդրումները: ՀԷԲ-ն իր հերթին միշտ ձգտում է համագործակցել օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ, քանզի նման համագործակցությունը թույլ է տալիս ժամանակին համընթաց շարժվել և աշխատանքում կիրառել նաև օտարերկրյա փորձն ու գիտելիքները:
- Կարողանալու՞ եք պահպանել Ձեր կողմից նշված շոշափելի աճի տեմպերը նաև այս տարի:
- Համոզված եմ, որ այո: Այսօր ՀԷԲ-ի նորմատիվային կապիտալն արդեն կազմում է մոտ 32 մլրդ ՀՀ դրամ: 2017թ. առաջին եռամսյակի շահույթը 154%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շահույթի ցուցանիշը: Գործող 48 մասնաճյուղերին առաջիկայում կավելանան ևս երկուսը:
Եվ, ըստ իս, ամենակարևորը. Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2016 թ. արդյունքներով ևս պիտի շահաբաժին վճարենք: Ի վերջո, բանկային բիզնեսի կարևորագույն նպատակներից է շահաբաժիններ վճարելը: Բաժնետերերն արժանի են, որ իրենց սպասելիքներն արդարացվեն: Արդեն 15 տարի է, ինչ շահաբաժինների վճարման հարցում ՀԷԲ-ի որդեգրած քաղաքականությունը բաժնետերերի համար կայուն եկամտի աղբյուր է հանդիսանում: Եվ, իհարկե, այս քաղաքականությունը մեծապես նպաստել է նրան, որ ներկայումս Բանկն ունի 3500 բաժնետեր:
- Բացի Սուքիասյանների ընտանիքից, ո՞վքեր են ներկայումս ՀԷԲ-ի բաժնետերերը:
- Այսօր Բանկն ունի փոքր մասնակցություն ունեցող բազմաթիվ բաժնետերեր: Վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բաժնետոմսերի երկու տեղաբաշխումների արդյունքում այդ բաժնետերերի թիվն աճեց մոտ 2000-ով:
Ինչպես և նախկինում մենք` Սուքիասյան եղբայրներս, տնօրինում ենք Բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Շարունակում է պահպանել իր մասնակցությունը Բանկի կապիտալում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների հետ` ՀԷԲ-ում կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նպատակով:
- Պարոն Սուքիասյան, ըստ Ձեզ ինչպե՞ս է անդրադառնում մոտիվացիան աշխատանքի որակի վրա և ինչպիսի՞ մոտիվացիոն մեխանիզմներ են կիրառվում ՀԷԲ-ում:
- Աշխատողների մոտիվացիան մշտապես եղել է աշխատանքի շարժիչ ուժը, նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, բիզնեսի զարգացմանը: Ընդհանրապես, աշխատողների մոտիվացիան պետք է հանդիսանա ցանկացած կազմակերպության կադրային քաղաքականության հիմնարար տարրերից մեկը: Ղեկավարը պարտավոր է արդար վերաբերմունք ցուցաբերել իր աշխատակիցների նկատմամբ, մոտիվացնել և դրանով իսկ ոգեշնչել նրանց:
Ըմբռնելով մոտիվացիայի դերը որպես հաջողակ բիզնեսի կայացման և պահպանման կարևոր գործոն` ՀԷԲ-ը մշտապես կիրառում է աշխատակիցների և ղեկավարների տարբեր մոտիվացիոն մեխանիզմներ՝ ինչպես աշխատավարձերի վերանայման և պարգևատրման, այնպես էլ կադրային առաջընթացի, գործուղումների, ուսման ֆինանսավորման և անգամ հանգստի կազմակերպմանն աջակցության տեսքով:
- Պարո՛ն Սուքիասյան, բանկիրները սնահավատ մարդկանց համբավ ունեն, քանի որ նրանք առնչվում են ֆինանսների հետ, իսկ փողը հատուկ ուշադրություն և զգուշավոր վերաբերմունք է պահանջում: Արդյո՞ք Դուք Ձեզ սնահավատ մարդ եք համարում:
- Ասել, թե ես սնահավատ եմ, թերևս սխալ կլինի: Ինձ համար չկան հատուկ իմաստ պարունակող նշաններ, բայց չեմ էլ կարող հերքել, որ զգուշավոր եմ, ինչն էլ երևի պայմանավորված է երկարամյա փորձով: Աշխատանքում առաջնորդվում եմ ունեցածս գիտելիքներով, փորձով, երբեմն էլ` ինտուիցիայով: