86 86
ENG

Նորություններ

05.05.2020

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հոլանդական զարգացման բանկի (FMO) հետ կնքել է 10 միլիոն ԱՄՆ դոլար և 5 միլիոն եվրո գումարի չափով վարկային պայմանագիր, որը համահունչ է FMO-ի վարած ռազմավարությանը՝ ուղղված անհավասարությունների նվազեցմանը և կանաչ ծրագրերի ֆինանսավորմանը: Ներգրավված միջոցներով ֆինանսավորվելու են առավել մեծ ուշադրության կարիք ունեցող թիրախային հաճախորդները՝ միկրոձեռնարկությունները, կանայք և երիտասարդ հաճախորդները, կանաչ ծրագրերի, վերականգնվող էներգետիկայի, էներգետիկայի և ջրային արդյունավետության, գյուղատնտեսության, ջրային տնտեսության, ձկնաբուծության, վերամշակման, թափոնների կառավարման և նմանատիպ այլ ոլորտներում ներգրավված հաճախորդները:

Հայէկոնոմբանկը հոլանդական FMO զարգացման բանկի հետ սկսել է համագործակցել դեռևս 2010 թվականից: «Արդեն երեք տասնամյակ շարունակ Բանկի հանդեպ վստահության աստիճանի խոսուն ապացույցն են մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության փորձն ու պատմությունը և մեծաքանակ հաջողված նախագծերը»,- նշեց Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:

FMO-ի մասին

FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների և զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին հավակնոտ ծրագրերում և ձեռնարկատիրություններում ներդրումներ իրականացնելու միջոցով:  FMO-ն ունի ավելի քան 50 տարվա ապացուցված փորձ, որը հնարավորություն է տալիս մարդկանց հմտություններ ձեռք բերել և բարելավել իրենց կյանքի որակը:

FMO-ն կենտրոնանում է երեք հիմանական ոլորտների վրա, որոնք ունեն զարգացման բարձր ազդեցություն`  ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և ագրոբիզնես, սնունդ և ջուր: FMO-ն 85 երկրներում ավելի քան 9,7 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆելով աշխարհում մասնավոր հատվածը ֆինանսավորող և զարգացնող ամենամեծ բանկերից մեկն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl

 

Թարմացվել է` 09/06/2020 10:36