86 86
ENG

Նորություններ

20.07.2020

  Պարո՛ն Հայրապետյան, կորոնավիրուսային համավարակի տարածումը, ինչպես նաև նրա կանխարգելմանն ուղղված սահմանափակումներն ամբողջ աշխարհում ահռելի վնասներ են հասցնում տնտեսությանը, և բանկային համակարգը ևս այդ առումով բացառություն չէ: Ինչպիսի՞ ազդեցություն ունի այս համավարակը ՀՀ բանկային համակարգի վրա:

  2020թ.-ի սկիզբն աչքի ընկավ շարունակական տնտեսական ակտիվությամբ. առկա էին բոլոր նախադրյալները ՀՀ հետագա տնտեսական աճի ապահովման համար: Սակայն պանդեմիայի ազդարարումը հարվածեց համաշխարհային տնտեսությանը, և ՀՀ տնտեսությունը նույնպես անմասն չմնաց:

  Բնական է, որ համաշխարհային տնտեսական ակտիվության նվազումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, ինչն, անշուշտ, ազդում և ազդելու է նաև ՀՀ բանկային համակարգի վրա: Պետք է փոփոխվեն բանկերի կողմից  2020թ.-ի համար կատարված պլանավորումները, բանկերն իրենց վարքագիծը պետք է համապատասխանեցնեն այսօրվա իրականությանը:

  Այսօր գրեթե չկան ոլորտներ, որոնք չեն բախվել դժվարությունների ու չեն կրում վնասներ: Հյուրանոցային բիզնեսն ու զբոսաշրջությունը ներկայումս, թերևս, ամենամեծ վնասներ կրող ոլորտներն են: Այդ ոլորտներում ներգրավված կազմակերպությունները, նրանց աշխատակիցները հանդիսանում են բանկի հաճախորդներ:

  Ինչպես գիտեք, հայկական բանկերը, ընդառաջ գնալով իրենց հաճախորդներին՝ վարկային արձակուրդներ էին տրամադրել նրանց, սակայն սկսած հուլիսի 1-ից պարտավորությունները ենթակա էին կատարման: Ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն ներկայացվում է վարկային բյուրո, ինչի արդյունքում հնարավոր է, որ նկատվի բանկային համակարգի չաշխատող ակտիվների մասնաբաժնի որոշակի աճ: Այս ցուցանիշի աճի հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարումը լրացուցիչ աշխատանք ու ներդրումներ կպահանջի բանկերից:

  Պարո՛ն Հայրապետյան, կորոնավիրուսային համավարակի պայմաններում մեծ է բնակչության դժգոհությունը բանկերից. վերջիններս արժանանում են քաղաքացիների քննադատությանը՝ ներկայացվելով որպես վաշխառուական հիմնարկներ:

  Ինչպես նշեցի, բանկերն իրենց աջակցությունն են ցուցաբերել հաճախորդներին՝ տրամադրելով վարկային արձակուրդներ, վերանայելով վարկերի մարման գրաֆիկները: Հայէկոնոմբանկն արդեն իսկ վերանայել է թվով ավելի քան 66.500 վարկեր: Սակայն, ինչպես հասկանում եք, բանկերի հնարավորություններն էլ անսպառ չեն. բանկերն իրենք էլ վարկառու են հանդիսանում, վճարում են տոկոսներ ներգրավված վարկերի ու ավանդների դիմաց, պատասխանատվություն են կրում իրենց ավանդատուների և միջազգային կառույցների առաջ:

  Բանկերն օգնում են իրենց հաճախորդներին՝ իհարկե, հնարավորությունների սահմաններում, ուստի թիրախավորել բանկերին և պահանջել ավելին՝ սխալ է, քանզի վերջիններս չեն կարող ավանդատուների գումարները և այլ աղբյուրներից ներգրավված միջոցներն ուղղակի նվիրաբերել: Բոլոր նրանք, ովքեր այսօր վարկառու են, պետք է չմոռանան և հաշվի առնեն նաև ավանդատուների շահերը: Անհատի համար ավանդի ներդնումը բիզնեսի հաջողված տարբերակ է, որը նրան թույլ է տալիս պասիվ եկամուտ ստանալ:

  Կցանկանայի նշել, որ բանկերն անմասն չեն մնացել և իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն են ունեցել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի իրականացման գործում՝ վարկավորելով հաճախորդներին նաև իրենց ռեսուրսների և իրենց ռիսկի հաշվին: Ինչպես օրերս նշվեց Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրությունում՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում հուլիսի 07-ի դրությամբ բավարարվել է 947 վարկային հայտ՝ շուրջ 59 մլրդ դրամի սահմանում., ընդ որում, այս գումարի մեջ առյուծի բաժինը պատկանում է սուբսիդավորվող վարկերին, որոնք բանկերը տրամադրում են իրենց ռեսուրսների և իրենց ռիսկի հաշվին: Այս ծրագրի շրջանակում Հայէկոնոմբանկն իր ռեսուրսների հաշվին  արդեն տրամադրել է մոտ 5,8 մլրդ ՀՀ դրամի վարկ: Բացի Կառավարության ծրագրերից, համավարակի շրջանում Հայէկոնոմբանկը նաև շարունակել է իրականացնել տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվ վարկավորում:

  Համընդհանուր կարանտինի պայմաններում բանկերը շարունակել են իրենց բնականոն աշխատանքը՝ ապահովելով գործընթացների անընդհատություն. սոցիալական ծրագրերի շրջանակում սպասարկել են տասնյակ հազարավոր քաղաքացիների: Ընդ որում բանկային համակարգն աշխատել է գերծանրաբեռնված, բանկային աշխատակիցները կարելի է ասել աշխատել են առաջնագծում, ինչի համար նրանք հիրավի արժանի են դրվատանքի:

  Պարո՛ն Հայրապետյան, ի՞նչ կասեք համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ Կառավարության ծրագրերի մասին:

  Կորոնավիրուսային համավարակի հենց սկզբից ամբողջ աշխարհի պետությունները բախվեցին երկու լուրջ խնդրի՝ բնակչության առողջության պահպանում և վիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացում: Հասկանալով, որ սոցիալական ծրագրերի ճիշտ կազմակերպումը հանդիսանում է կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ՝ տարբեր երկրներ սկսեցին տարբեր ծրագրեր մշակել՝ վիրուսի աղետալի հետևանքները մեղմելու նպատակով: Հետևելով աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից ձեռնարկված քայլերին՝ նկատելի էր, որ որոշ երկրներում այս առումով հապաղում կար: ՀՀ Կառավարությունը բավականաչափ արագ արձագանքեց ստեղծված իրավիճակին և հրատապ քայլեր ձեռնարկեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ: Ընդ որում, արձագանքն առավելագույնս ընդգրկուն և հասցեական էր՝ ուղղված լինելով ինչպես համավարակի արդյունքում սոցիալապես խոցելի վիճակում հայտնված անհատներին, այնպես էլ բիզնեսներին: Այս ծրագրերի շրջանակում ՀՀ Կառավարությունն արդեն մոտ 103 մլրդ ՀՀ դրամի աջակցություն է ցուցաբերել:

  Պարո՛ն Հայրապետյան, արտակարգ դրության պայմաններում բանկերը հատուկ ուշադրություն սկսեցին հատկացնել հեռավար աշխատանքին: Ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակը Հայէկոնոմբանկում:

  Արտակարգ իրավիճակի հենց սկզբից Հայէկոնոմբանկի աշխատակիցների մոտ 40%-ն անցավ հեռավար աշխատանքի, ինչը թույլ տվեց կրճատել Բանկ մուտք գործող աշխատակիցների քանակը:

  Ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա Բանկը նրանց պարբերաբար հորդորում էր հնարավորինս խուսափել Բանկ այցելելուց և օգտվել Բանկի առցանց ծառայություններից: Ի դեպ, օրերս Հայէկոնոմբանկը ներդրել է նորացված AEB Mobile Banking հավելվածը և AEB Payments առցանց վճարումների համակարգը, որոնք այդ առումով ավելի լայն հնարավորություններ են ընձեռում Բանկի հաճախորդներին:

  Այսօր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և հաճախորդները պետք է հնարավորինս օգտվեն նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, որոնք թույլ են տալիս ոչ միայն խնայել ժամանակը, այլև, ինչը բավականին կարևոր է այսօրվա համար, ավելորդ անգամ չայցելել մարդաշատ վայրեր և խուսափել վարակից:

  Պարո՛ն Հայրապետյան, հնարավոր է, որ այս պայմաններում բանկերը որոշակի վնասներ կրեն, ինչը կանդրադառնա նրանց կապիտալի և շահույթի վրա: Ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել այս մարտահրավերին Հայէկոնոմբանկը:

  Չնայած նրան, որ ներկայումս Հայէկոնոմբանկն ունի իրացվելիության բավարար մակարդակ և չունի կապիտալի մեծացման անհրաժեշտություն, կապիտալի համալրման ուղղությամբ պարբերաբար քայլեր են ձեռնարկվում՝ իրականացնելով բաժնետոմսերի նոր տեղաբաշխումներ: 2019թ. և 2020թ. Բանկն իր կապիտալը համալրել է համապատասխանաբար 3,37 մլրդ ՀՀ դրամով և 500 մլն ՀՀ դրամով: Առաջիկա ամսվա ընթացքում պատրաստվում ենք ազդարարել հասարակ բաժնետոմսերի հերթական՝ 18-րդ թողարկման մասին, որի արդյունքում Բանկի ընդհանուր կապիտալը կհամալրվի ևս 800 մլն ՀՀ դրամով: Ի դեպ, կցանկանայի նաև նշել, որ նախորդ տեղաբաշխման արդյունքներով Բանկն արդեն ունի ավելի քան 4600 բաժնետեր:

  Որպես վերջաբան՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծում կստանա, և մենք բոլորս՝ բանկերը, ավանդատուները, վարկառուները, բանկերի գործընկեր միջազգային կազմակերպությունները, կվերադառնանք մեր մինչճգնաժամային հարաբերություններին:

 

Թարմացվել է` 09/09/2020 12:23