86 86
ENG

Նորություններ

30.06.2021

   Չնայած 2020թ. մարտահրավերներին, Բանկն այսօր կայացած Տարեկան ժողովում տարին ամփոփեց մի շարք կարևոր ձեռքբերումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով: Այսպես, 2020թ. ֆինանսական արդյունքերի համաձայն, նախորդ տարվա համեմատ Բանկը գրանցել է.

  • Ակտիվների 14.3% աճ` կազմելով 320.8 մլրդ դրամ
  • Հաճախորդներին տրված վարկերի 9.8% աճ` կազմելով 193.3 մլրդ դրամ
  • Բանկի պարտավորությունների 15.7% աճ` կազմելով 279.2 մլրդ դրամ
  • Ընդհանուր կապիտալի 5.4% աճ` (հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման և ձևավորված շահույթի հաշվին)` կազմելով 41.6 մլրդ դրամ
  • Շահույթի 44.2% աճ` կազմելով 4.8 մլրդ դրամ

  Հարկ է նշել, որ հաշվետու տարում ևս վարկային պորտֆելը պահպանել է ավանդական բարձր որակը, և խնդրահարույց վարկերը 2020թ. տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 1.34%:

   2020թ. ընթացքում Բանկը ՎԶԵԲ (EBRD), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), SYMBIOTICS S.A., BLUEORCHARD FINANCE S.A-ի և այլ առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է մոտ 67.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ՝ ուղղված ՀՀ-ում ՄՓՄՁ ծրագրերի զարգացմանը:

 Հաշվետու տարում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված պետական աջակցության շրջանակներում, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես՝ 65,000–ից ավելի ֆիզ. անձ հաճախորդի տրամադրվել է վարկային արձակուրդ, իսկ 1,000-ից ավելի իրավ. անձ հաճախորդի համար իրականացվել է դրամական հոսքերին հարմարեցված վարկերի մարման գրաֆիկների փոփոխություն: Ընդհանուր առմամբ, Բանկի միջոցով Կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվել է ավելի քան 15.0 մլրդ դրամի վարկ՝ ցածր կամ զրոյական (սուբսիդավորվող) տոկոսադրույքներով:

 2020թ.-ի արդյունքների ամփոփման ժամանակ առանձնացվեց նաև Բանկի սպասարկման արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրային համակարգերի, մասնավորապես, «Online Banking» հարթակի և «Mobile Banking» հավելվածի նոր տարբերակների գործարկումը: Նախորդ տարում ընդլայնվեց նաև Բանկի մասնաճյուղային ցանցը՝ 2 նոր՝ «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» և «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղերի գործարկմամբ՝ հասցնելով դրանց ընդհանուր քանակը 53-ի:

   «Առաջիկայում ևս ամրապնդելու ենք դիրքերը շուկայի բոլոր հատվածներում՝ մասնակից դառնալով տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին` մեր գործընկերների համար մնալով որպես վստահելի ֆինանսական կառույց»,- իր խոսքում նշեց Բանկի Գործադիր տնօրեն պրն. Արամ Խաչատրյանը:

   «Զարգացմանը զուգահեռ՝ Բանկը շարունակում է շահաբաժինների վճարման, ինչպես նաև տարբեր սոցիալական և բարեգործական ծրագրերին մասնակցության ավանդույթը»,- իր ելույթում նշեց Բանկի Խորհրդի նախագահ պրն. Սարիբեկ Սուքիասյանը՝ Բանկի գործունեության մեջ կարևորելով կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի կիրառումն ու ռազմավարական ծրագրով նախանշված կայուն զարգացման ապահովումը:

 Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բաժնետերերին, հաճախորդներին շարունակական վստահության և աջակցության համար:

   2021թ. հունիսի 29-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 43.3 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 42.5 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 338.7 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 207.7 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` մոտ 56.2  մլրդ դրամ, շահույթը` ավելի քան 1.2  մլրդ դրամ: Բանկն ունի 54 մասնաճյուղ (ներառյալ Գլխավոր գրասենյակը) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

Թարմացվել է` 02/07/2021 18:15