86 86
ENG

Նորություններ

10.01.2022

   Հայէկոնոմբանկը Ֆրանսիայի զարգացման գործակալության (PROPARCO) հետ կնքեց 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պայմանագիր՝ միտված երկրի  փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Վարկի գումարի 10%-ը բանկը հատկացնելու է նաև կլիմայական կանաչ ծրագրերի ֆինանսավորմանը:

   «Proparco-ն ուրախ է սկսել այս համագործակցությունը Հայէկոնոմբանկի հետ, բանկի, որը թիրախավորում է հատկապես բիզնես սեգմենտները և ոլորտները, որոնք կարևոր են Հայաստանի զարգացման համար, ինչպիսիք են ՓՄՁ-ները, գյուղատնտեսության ոլորտը, ինչպես նաև կլիմայական ծրագրերը: Հենվելով մասնաճյուղային լայն ցանցի և թվային լուծումների վրա՝ բանկը կկարողանա օգտագործել ֆինանսավորումը, ընդլայնել իր հաճախորդների թվաքանակը՝ անհրաժեշտ պահին աջակցելով վերջիններիս»,-ասված է Proparco-ի հաղորդագրությունում:

   Բանկը շարունակում է իր ակտիվ մասնակցությունն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում, որի մասին է վկայում բանկի գործունեության ընթացքում միջազգային հեղինակավոր կառույցների հետ ավելի քան 90 հաջողված ծրագրերի իրականացումը:

   Proparco-ի մասին.

   Proparco-ն Agence Française de Developpement Group-ի (AFD Group) մասնավոր հատվածի ֆինանսավորման հենասյունն է: Ավելի քան 40 տարի այն նպաստում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտների զարգացմանը՝ թիրախավորելով հետևյալ ուղղությունները՝ վերականգնվող էներգիա, ենթակառուցվածքներ, ագրոբիզնես, առողջապահություն և կրթություն:

   Նրա գործունեությունը նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածի ներդրումը 2015թ. միջազգային հանրության կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու գործում: Այդ նպատակով Proparco-ն ֆինանսավորում է այն ընկերություններին, որոնց գործունեությունը նպաստում է աշխատատեղերի և արժանապատիվ եկամուտների ստեղծմանը, առաջնային անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների տրամադրմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Թարմացվել է` 10/01/2022 18:35