86 86
ENG

Նորություններ

26.09.2024

Հեղինակավոր The Financial Times պարբերականի ներքո գտնվող https://www.thebanker.com/ կայքի «Երբ բանկային գործունեությունը փոփոխությունների առաջնագծում է» հոդվածում ներկայացվում է բանկի զարգացման ռազմավարական ուղղությունների, միջազգային լայն համագործակցությունների, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման մասին: Բանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը անդրադառնում է սոցիալական վերափոխման աջակցության, բանկի ավելի քան 33 տարվա գործունեության և զարգացման գործոններին: 

Հոդվածը The Banker-ի կայքում

Ստորև հայերեն թարգմանությունը.

Ո՞րն է բանկի դերը։ Վարկավորու՞մ, ֆինանսավորու՞մ, հաշվի վարու՞մ։ Թե՞ այն կարող է նաև լինել ուժ այս անկայուն աշխարհում դրական փոփոխությունների համար։

Կենտրոնական Ասիայի սրտում՝ Սև ծովի և Կասպից ծովերի միջև գտնվող ցամաքով օղակված Հայաստանը մի երկիր է, որտեղ փոփոխությունները նկատելի են, և ֆինանսական հաստատություններն այդ փոփոխության մի մասն են կազմում:

Ընդամենը երեք տասնամյակ առաջ Հայաստանը դեռևս ուներ կենտրոնացված կառավարվող տնտեսություն և բանկային սեկտոր։ Այսօր դա արդեն հեռավոր անցյալի մաս է թվում: 1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր և, մասնավորապես, 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, որը հեռացրեց նախկին իշխանությանը և մնացած պետական վերահսկողության համակարգը, Հայաստանի տնտեսությունը սկսեց արագորեն աճել իր ծավալով և բարդությամբ։

Այդուհանդերձ, Հայաստանի նման երկրի տնտեսությունները չեն կարող կատարել նման անցումը առանց ինստիտուտների ակտիվ մասնակցության, այդ թվում՝ բանկերի։

 Ըստ Սարիբեկ Սուքիասյանի, ով ազատականացման վերջին ժամանակաշրջանում նոր թափ ստացած խոշոր ֆինանսական հաստատություններից մեկի՝ Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահն է, Հայաստանի տնտեսության արդիականացումը բանկի համար եղել է հնարավորությունների, բայց նաև շատ առանձնահատուկ մարտահրավերների շրջան։

Աջակցություն սոցիալական վերափոխմանը 

«Թավշյա հեղափոխությունն, ըստ էության, ազատականացրեց մտածելակերպերը»,- ասում է Սարիբեկ Սուքիասյանը։ «Այն փոխեց ապրելակերպը, փոխեց աշխարհայացքները: Մենք այլևս կաշկանդված չենք օլիգարխիկ մենաշնորհներով. մենք ազատ ենք՝ արժեքներ ստեղծելու համար։ Սակայն փոփոխություններն առաջ բերեցին նաև իրական մարտահրավերներ՝ մարդկային ռեսուրսների, հմտությունների, գիտելիքների և վարչարարական փորձի սակավությամբ պայմանավորված: Ես ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված չեմ քաղաքականության մեջ, բայց, որպես բանկ, մենք դեռևս դերակատարություն ունենք այդ մարտահրավերներին դիմակայելու գործում»:

Այդ դերը ներառում է առաջատար դիրք զբաղեցնելն այն բիզնեսների ֆինանսավորման ասպարեզում, որոնք վարկավորման ծրագրերով ունակ են հասարակությանը, ինչպես նաև տնտեսությունը փոխակերպելու և անմիջականորեն նախատեսված են այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են տնտեսության մեջ գենդերային հավասարակշռությունը, թվայնացումը, կանաչ ֆինանսավորումը և լայն ֆինանսական գրագիտությունը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կանանց մասնակցությունը տնտեսությանը: Թեև Հայաստանն ունի կանանց ընդհանուր գրագիտության, ինչպես նաև իգական սեռի աշխատուժի մասնակցության բարձր մակարդակ՝ համեմատ  համաշխարհային միջինի, այդուհանդերձ գույք տիրապետող, բանկային հաշիվներ ունեցող, բիզնեսի սեփականատեր կամ ղեկավար պաշտոն զբաղեցնող կանանց տեսակարար կշիռն ավելի փոքր է:

Ե՛վ պետական, և՛ մասնավոր հատվածի կառույցներն աշխատում են այս անհավասարակշռությունները վերացնելու ուղղությամբ՝ դեպք առ դեպք մոտեցմամբ։ Օրինակ՝ Հայէկոնոմբանկը վերջին շրջանում ֆինանսավորել է ինտերնետ ծառայությունների նորաստեղծ մի մատակարարի, որը ղեկավարում է կին ձեռներեց: Չնայած սկզբում բիզնեսը շատ փոքր էր և ընդամենը մի քանի տասնյակ հաճախորդ ուներ, այդուհանդերձ, հավելյալ ֆինանսավորման շնորհիվ մի քանի տարում այն արագ զարգացավ և այժմ ընդգրկում է շատ ավելի լայն տարածք՝ ունենալով այսօր մոտ 40,000 հաճախորդ:

Ներդրում ապագայի մեջ

Հայաստանի կառավարությունը մասնավոր բանկերի կողմից նման նպատակային զարգացման վարկավորումը դիտարկում է որպես տնտեսության արդիականացման կարևոր մաս և աջակցում է բանկերին՝ առանցքային ոլորտներում վարկերի սուբսիդավորմամբ: Վերջին դեպքերից մեկում Հայէկոնոմբանկը «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում և կառավարության՝ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության ծրագրի հետ համատեղությամբ, սուբսիդավորված տոկոսադրույքով վարկ է տրամադրել գյուղատնտեսական փոքր արտադրողի՝ հնարավորություն տալով ներդրում կատարել մշակության նոր տեխնոլոգիաներում՝ թույլ տալով ֆերմերին դառնալ սերտիֆիկացված օրգանական մթերքի արտադրող և արտահանել արտադրանքը Հայաստանից դուրս՝ այլ երկրներ՝ ներառյալ ԵՄ:

Բանկը նաև աշխատում է միջազգային կառույցների հետ, որոնց շարքում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Ասիական զարգացման բանկը: Դա ներառում է փոքր և միջին բիզնեսի վարկավորում և ավանդական ուղղություններից բացի նաև կանաչ ծրագրերի ֆինանսավորում, նոր տեխնոլոգիաների որդեգրում՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրների մեղմացմանը:

Արտաքին աջակցությունն օգնել է բանկին հագեցնել իր կայքը բիզնեսի արդյունավետ կառավարման վերաբերյալ նյութերով, բանկի կողմից ֆինանսավորվող կին ձեռներեցների մասին մոտիվացիոն պատմություններով և ֆինանսական գրագիտության բարձրացման վերաբերյալ խորհուրդներով՝ բիզնեսի գնահատման և պլանավորման ձևանմուշների և առցանց գործիքների օգնությամբ։

Ծրագրային լուծումները նաև օգնել են բարելավել վարկավորման ընթացակարգերը։ Դիմումների ընդունումը, մշակումը և հաստատումն այժմ ավելի արագ և արդյունավետ է կատարվում՝ խնայելով վարկային մասնագետների ժամանակը, ներգրավելով ավելի շատ հաճախորդներ և բարելավելով տվյալների վերլուծությունը։

Արժեքներին առաջնահերթության տրամադրում

Այս տարի Հայէկոնոմբանկը նշում է իր գործունեության 33 տարին։ Սարիբեկ Սուքիասյանի խոսքով՝ բանկի անկախ մնալու և զարգանալու գործոններից մեկն այն է, որ այն միշտ չէ, որ մաքուր բիզնես շահերը գերադասում է Հայաստանի հասարակության շահերից։

«Մենք առաջնահերթություն ենք տալիս հարաբերություններին, քան շահույթին», - ասում է նա: Հիմա խաղաղության և համերաշխության ժամանակն է: Երբեմն լինում են հսկայական բիզնես հնարավորություններ՝ ստեղծված այնպիսի իրավիճակներից, ինչպիսին է պատերազմն Ուկրաինայում, սակայն մենք նախընտրում ենք չօգտվել դրանցից,  եթե դրանք հակասում են մեր պարտավորություններին, օրինակ՝ մեր պատասխանատվությանը միջազգային գործընկերների, մեր բաժնետերերի և մեր հաճախորդների հանդեպ: Մենք ցանկանում ենք նպաստել մեր երկրի զարգացմանը։ Դա առաջին տեղում է»։

 

Թարմացվել է` 08/10/2024 09:47