Նորություններ

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) և ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ս.թ. հուլիսի 10-ին ստորագրել են նոր համաձայնագիր, որի շրջանակում Բանկը կստանա 20 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական ռեսուրս:
Տրամադրվող միջոցները ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ միջոցով կուղղվեն Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը՝ վերջիններիս առևտրային հնարավորությունների ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի խթանմանը:
Համաձայնագիրը կնքվել է BSTDB-ի կողմից կազմակերպված «Խթանելով տարածաշրջանային առաջընթացը» խորագրով բիզնես ֆորումի ընթացքում։
BSTDB նախագահ Սերհատ Քյոքսալը նշել է.
«Մեր համագործակցությունը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հետ հիմնված է երկարաժամկետ և վստահելի գործընկերության վրա։ Տարիների ընթացքում BSTDB-ի աջակցությամբ հարյուրավոր ՓՄՁ-ներ կարողացել են ստանալ կայուն զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ։ Այս վարկային ծրագիրը հերթական քայլն է տարածաշրջանային ինտեգրման և Հայաստանի տնտեսության ամրապնդման ուղղությամբ»։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արտակ Առաքելյանն իր հերթին ընդգծեց.
«Մենք բարձր ենք գնահատում BSTDB-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որն սկիզբ է առել դեռևս 2007 թվականին։ Այս ընթացքում մի շարք համատեղ նախագծեր են հաջողությամբ իրագործվել միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Նոր վարկային ծրագիրը հնարավորություն կտա շարունակել աջակցությունը ՓՄՁ ոլորտին՝ ապահովելով մրցունակ և կայուն ֆինանսավորում մեր հաճախորդների համար»։
Երկարամյա համագործակցության ընթացքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և BSTDB-ն ստորագրել են չորս հիմնական վարկային համաձայնագրեր՝ ընդհանուր 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։
Այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է միջազգային գործընկերության կարևորության մասին, որով խթանվում է երկրի տնտեսական զարգացումն և կայուն աճը։