Նորություններ
Սույն թվականի մայիսի 9-10-ը Հորդանանում տեղի ունեցավ Եվրոպայի Զարգացման և Վերակառուցման Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը, որին մասնակցեցին նաև ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանը, խորհրդի անդամ Լ. Պետրոսյանը և աշխատակազմի ղեկավար Մ. Սուքիասյանը: ՎԶԵԲ տարեկան ժողովն առաջին անգամ տեղի ունեցավ հարավային և արևելյան միջերկրածովային տարածաշրջանում, որտեղ ՎԶԵԲ-ը սկսել է կատարել ներդրումներ սկսած 2012թ.-ից:
Ժողովի ընթացքում ՎԶԵԲ-ի նախագահ պարոն Սումա Չակրաբարտին նախ ներկայացրեց Կառավարիչների խորհրդի նիստը, որը ներկայացնում է Բանկի 68 բաժնետերերին, այնուհետև ներկայացրեց, թե ինչպես է Բանկը հասել 2015թ. Փարիզի Կլիմայի պայմանագրի շրջանակներում սահմանված Էկոլոգիապես մաքուր տնտեսության (Green Economy) նպատակներին: Նա նաեւ անդրադարձավ ՎԶԵԲ-ի առանձնակի ներգրավվածությանը կին ձեռներեցների ակտիվացման և աջակցման գործում, ինչպես նաեւ շեշտադրեց ֆինանսավորման միջոցով տնտեսությունների կայունացման գործում իրենց դերակատարմանը:
Այս օրերի ընթացքում Բանկի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Բանկի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ գերմանական DEG – Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH և Frankfurt School Financial Services GmbH, շվեյցարական Symbiotics S.A., ավստրիական Raiffeisen Bank International AG և այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչի արդյունքում քննարկեցին Բանկի ընթացիկ համագործակցության միտումները, առաջիկա տարիների ռազմավարությունն ու զարգացման հեռանկարները: