86 86
ENG

Նորություններ

16.10.2018

-Պարո՛ն Սուքիասյան, կառավարության կողմից հստակ քայլեր են ձեռնարկվում շինարարության ոլորտն ու հիպոթեքային շուկան ակտիվացնելու ուղղությամբ, ինչն արտահայտվում է առանձին վարկային ծրագրերի պայմանների մեղմացմամբ, եկամտային հարկի վերադարձմամբ: Ի՞նչ մոտեցումներ են առկա Հայէկոնոմբանկում շինարարական կազմակերպությունների վարկավորման, ֆիզիկական անձանց հիպոթեքային վարկավորման նկատմամբ:

-Կառավարության կողմից ձեռնարկված քայլերն իսկապես տեսանելի ակտիվացրել են հիպոթեքային շուկան: Մեր բանկի կողմից նույնպես որոշակի քայլեր են ձեռնարկվում՝ այս ուղղությունը զարգացնելու նպատակով: Բանկը հատուկ պայմաններով ֆինանսավորում է շինարարական կազմակերպություններին, աշխատում է վարկավորման պետական բոլոր ծրագրերի շրջանակներում: Վերջերս Հայէկոնոմբանկը, «Ազգային հիպոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն ու «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն գործարկեցին մի համատեղ նախագիծ, որը հիպոթեքային վարկի համար դիմող հաճախորդներին ընձեռեց հիպոթեքային վարկի կանխավճարի նախկին 30%-ի փոխարեն միայն 10%-ն ապահովելու հնարավորություն: Կանխավճարի չբավարարող 20%-ի չափով հաճախորդը կատարում է կանխավճարի ապահովագրություն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի միջոցով: Լրացուցիչ գույք գրավադրելու անհրաժեշտություն չի առաջանում: Ի դեպ, մինչեւ տարեվերջ կանխատեսում ենք հիպոթեքային վարկերի պորտֆելի 20% աճ

-Ժամանակները փոխվում են. խորհրդային տարիներից հետո մենք հայտնվեցինք նոր իրականության մեջ, հիմա եւս ունենք նոր իրավիճակ, նոր իրականություն: Ինչպիսի՞ն պետք է լինի բանկն այսօր, ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա հաճախորդը:

-Այսօր հաճախորդը պիտի ավելի գրագետ եւ տեղեկացված լինի, որպեսզի ճիշտ կարողանա մեկնաբանել ու հասկանալ բանկերի հետ կնքվող պայմանագրերի դրույթները, չտարվի տարբեր բանկերի կողմից թվացյալ հրապուրիչ առաջարկներով, որոնք քողարկված ենթատեքստ ունեն: Հաճախորդները հաճախ են տրվում ավելի ցածր տոկոսադրույքով վարկավորվելու գայթակղությանը՝ անգամ գլխի չընկնելով, որ այդ պարագայում նրանք հիմնականում վճարում են հավելյալ միջնորդավճարներ:

Ցավոք, որոշ բանկեր իրենց գովազդներով, հայտարարություններով հաճախորդին ապակողմնորոշող տեղեկատվություն են տրամադրում, նրանց կողմից տարածվող գովազդները երբեմն թյուր ենթադրությունների պատճառ են դառնում, իսկ «լավագույն բանկ», «առաջին բանկ» եւ նմանօրինակ այլ արտահայտություններ պարզապես կարող են մոլորեցնել հաճախորդին:

Այդ իսկ պատճառով կարեւոր է նաեւ բանկերի տարբեր ցուցանիշների գրագետ վերլուծությունը, ինչը թույլ է տալիս ճիշտ գնահատել բանկի իրական դիրքը, այլ ոչ թե հիմնվել գովազդի վրա: Այսօրվա իրողությունը ցույց տվեց, որ մեր երկիրն ունի փայլուն երիտասարդություն, ունի ժողովուրդ, որն այս երկրի լիիրավ քաղաքացին է եւ ինքն է որոշում երկրի ապագան: Քսան տարի շարունակ երազել եւ պայքարել ենք երկրում նման իրավիճակ ունենալու համար, նշանակում է, որ այսօր բոլորս պետք է մասնակից լինենք մեր երկրի հետագա զարգացմանը՝ յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում՝ մեր գիտակցությամբ եւ իմացությամբ: Բանկերն էլ պետք է օգնեն հաճախորդներին՝ ճիշտ որոշումներ կայացնելու սեփական ֆինանսները տնօրինելիս՝ խուսափելով անբարեխիղճ մրցակցության մեթոդների կիրառումից:

-Քանի որ խոսեցինք մեր երկրի ներկայիս իրավիճակի մասին, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը՝ կապված ներդրումների հետ: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել, որ ՀՀ-ում ներդրումները շատանան:

-Իսկապես, այսօր մենք հնարավորություն ունենք Հայաստանը ներդրողների համար հրապուրիչ հարթակ դարձնել: Տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության շնորհիվ մեր երկիրը միջազգային հարթակներում բարձր վարկանիշ ունի, եւ այդ հանգամանքը պետք է օգտագործել ի շահ տնտեսության զարգացման եւ քաղաքացիների բարեկեցության: Սակայն միայն երկրի ներքաղաքական կայունությունը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը չեն կարող խթանել ներդրումները: Կարծում եմ՝ պետք է կրճատել հարկատեսակները, կոնսոլիդացնել դրանք՝ հնարավորինս պարզեցնելով հարկերի վճարման մեխանիզմը: Ցածր հարկերը, հարկերի իջեցումը կնպաստեն հարկատուների քանակի ավելացմանը: Ներդրողը միշտ ցանկանում է ներդրում կատարել այն երկրում, որտեղ օրենքները չեն խոչընդոտում բիզնեսի զարգացմանը, եւ կա վստահություն առ այն, որ այդ օրենքներն առնվազն 5-10 տարի փոփոխության չեն ենթարկվի:

-Պարո՛ն Սուքիասյան, 1991թ.-ին Հայէկոնոմբանկը գրանցվեց որպես նորաստեղծ հանրապետության առաջին բանկ եւ մինչ օրս իր ուրույն տեղն ունի շուկայում, սակայն շուկայում երբեք աչքի չի ընկել ագրեսիվ քաղաքականությամբ: Արդյոք մրցակցային կոշտ միջավայրում այդ գործելաոճը հետագայում ե՞ւս կհանդիսանա բանկի հաջողության գրավականը:

-Դուք իրավացի եք, Հայէկոնոմբանկը, իսկապես, երբեք հարձակվողական, ագրեսիվ չի եղել ֆինանսական շուկայում: «Նպատակն արդարացնում է միջոցները» գաղափարաբանությունը երբեք իմ եւ Բանկի ղեկավարության տեսլականը չի եղել։ Մենք կողմնակից ենք առողջ մրցակցության, եւ ինձ համար պարզապես անընդունելի է շուկայի կանոնների խախտմամբ, շուկան «փչացնելու» միջոցով շահույթ ստանալու մոլուցքը:

Նաեւ ես չեմ համարում, որ դեմպինգի միջոցով հաճախորդների ներգրավումը, վատ գործարար համբավ ունեցող, ռիսկային հաճախորդների համար գործարքների իրականացումը, երբեմն նաեւ գրեթե անվճարունակ հաճախորդների վարկավորումը բանկի կայուն զարգացման ու հաստատուն աճի ճշմարիտ ուղին են: Չմոռանանք, որ դա առաջին հերթին վնասում է բանկային ավանդներ ունեցող եւ մեզ վստահող հաճախորդներին: Բանկերն ունեն իրենց ներքին հսկողական մեխանիզմները, այդ հսկողության իրականացման համար պատասխանատու օղակներ: Տարիներ շարունակ մենք հատկապես մեծ կարեւորություն ենք տվել այդ մեխանիզմների կիրառմանը եւ հետագա տարիների զարգացման ծրագիրը կառուցել՝ հիմքում դնելով ռիսկերի ճիշտ գնահատումը: Ռիսկերին համաչափ աճ, այլ ոչ թե այժմեական շահույթի ակնկալիք՝ ահա սա է կայուն հաջողության գրավականը:

-Ներկայումս շատերն են ձգտում աշխատանք գտնել ֆինանսավարկային կազմակերպություններում՝ համարելով, որ բանկային համակարգում աշխատավարձերն ավելի բարձր են, քան տնտեսության այլ ոլորտներում: Հայէկոնոմբանկն ունի 50 մասնաճյուղ, մոտ 900 աշխատակից, ի՞նչ որակներ են անհրաժեշտ Հայէկոնոմբանկում աշխատանքի անցնելու եւ Ձեր թիմի մասնիկը դառնալու համար:

-Նախ նշեմ, որ Հայէկոնոմբանկում հնարավոր է աշխատանքի անցնել բացառապես մրցութային կարգով, մեզ մոտ չի գործում «խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր մոդելը, քանզի նպատակը ոչ թե մեր մտերիմներին հարմար տեղավորելն է, այլ բանիմաց ու փորձառու անձնակազմ ունենալը: Հայէկոնոմբանկի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, աշխատելու ցանկություն եւ ներքին կուլտուրա: Վերջինը, թերեւս, ոչ պակաս կարեւոր հատկանիշ է, քան խորը մասնագիտական գիտելիքները կամ երկարամյա աշխատանքային փորձը: Ավելին՝ մենք նախապատվությունը տալիս ենք նորավարտ թեկնածուներին՝ համարելով, որ երիտասարդները, զերծ լինելով կարծրատիպերից, նոր շունչ կարող են հաղորդել բանկի գործունեությանը:

Թարմացվել է` 17/07/2023 10:27