Բիզնես գրագիտություն
Անվնասաբերության կետ է կոչվում ապրանքների/ծառայությունների արտադրության և իրացման այն ծավալը, որի դեպքում ծախսերը (փոփոխուն և հաստատուն) կփոխհատուցվեն եկամուտներով, այսինքն կապահովվի շահութաբերության զրոյական մակարդակ: Անվնասաբերության կետ ցույց է տալիս իրացման (հասույթի) այն մակարդակը, որից բարձր ցուցանիշ ապահովելու դեպքում ֆինանսական արդյունքը կլինի դրական, հակառակ դեպքում` բացասական:
Անվնասաբերության կետը կարելի է հաշվարկել ներքոնշյալ բանաձևով
Q=FC/P-VC
որտեղ, Q- իրացման (վաճառքի ծավալը) անվնասաբերության կետում
FC-հաստատուն ծախսեր
VC-ապրանքի մեկ միավորի հաշվով փոփոխուն ծախսեր
P-ապրանքի մեկ միավորի վաճառքի գին
Հաստատուն ծախսերի մեջ ներառում է այն ծախսերը, որոնք կախված չեն արտադրված/ վաճառված ապրանքների ծավալից: Այս ծախսերը նույնպես կոչվում են «վերադիր ծախսեր»: Հաստատուն ծախսերը կատարվում են նույնիսկ չաշխատող ձեռնարկությունները: Հաստատուն ծախսերից են համարվում վարձակալական վճարները, ամորտիզացիոն հատկացումները, կոմունալ վճարումները, վարչական անձնակազմի աշխատավարձը և այլն:
Փոփոխուն են համարվում այն ծախսերը, որոնց մակարդակը (գումարը) կախված է թողարկվող արտադրանքի ծավալից: Հակադրվում են հաստատուն ծախսերին, որոնց հետ միասին կազմում են Ընդհանուր ծախսեր: Հիմնական ցուցիչը, որով հնարավոր է որոշել, թե արդյոք ծախսերը փոփոխական են՝ դրանց անհետացումն է արտադրության կամ գործունեության դադարեցման ժամանակ: Փոփոխուն ծախսերից են համարվում ապրանքանյութական, տրանսպորտային ծախսերը, արտադրության աշխատողների աշխատավարձը և այլն:
Ինչ նպատակով է օգտագործվում անվնասաբերության կետը:
Անվնասաբերության կետի հաշվարկը թույլ է տալիս.
- որոշել ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների վաճառքի օպտիմալ գինը.
- հաշվարկել նախագծի ետգնման ժամկետը: Այսինքն, հաշվարկել այն պահը, երբ եկամուտները կգերազանցեն ծախսերը;
- հետևել անվնասաբերության կետի ցուցանիշի փոփոխություններին, որպեսզի սահմանվի արտադրանքի թողարկման, իրացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացում առկա խնդիրները;
- պարզել, թե իրացվող արտադրանքի, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների գների կամ կատարվող ծախսերի փոփոխությունը ինչպիսի ազդեցություն կունենա արդյունքում ստացվող հասույթի վրա: