86 86
ENG

Նորություններ

13.06.2019
-Պարո՛ն Սուքիասյան, «Հայէկոնոմբանկ»-ն ամփոփում է 2018 թվականը: Ինչպիսի՞ն էր նախորդ տարին բանկի համար, ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ:

-«Հայէկոնոմբանկ»-ի համար 2018-ը նշանավորվեց հիմնական ցուցանիշների շարունակական աճով, օրինակ` նախորդ տարվա համեմատ արձանագրվեց ակտիվների 16% աճ, վարկային պորտֆելի 28% աճ, իսկ շահույթն ավելացավ մեկ երրորդով: 2018թ. ընթացքում բացվեցին «Հայէկոնոմբանկ»-ի երկու նոր մասնաճյուղեր, այս տարի բացել ենք եւս երկուսը` բանկի մասնաճյուղերի քանակը հասցնելով 53: Բանկի հետագա քաղաքականությունը միտված է մասնաճուղային ցանցի է՛լ ավելի ընդլայնմանը: Հատուկ տեղ տալով նորարարական տեխնոլոգիաներին` կցանկանայի առանձնացնել նախորդ տարվա ընթացքում Mobile Banking համակարգի գործարկումը, որը շարունակելու է զարգանալ ու կատարելագործվել այս եւ հետագա տարիների ընթացքում:

2018-ին գրանցված աճը «Հայէկոնոմբանկ»-ն առավել գրավիչ ու վստահելի դարձրեց միջազգային գործընկերների եւ հաճախորդների համար: Բանկը շարունակեց համագործակցությունը ինչպես նախկին, այնպես էլ նոր գործընկերների հետ: Միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ կնքվեցին մի շարք խոշոր վարկային պայմանագրեր` ներգրավված ռեսուսներն ուղղելով միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Նման բիզնեսների վարկավորումը միշտ էլ եղել եւ մնում է «Հայէկոնոմբանկ»-ի առաջնահերթությունների շարքում, քանզի ուղղակիորեն նպաստում է տնտեսության զարգացմանը:

-Ներկայումս ակտիվ քննարկումներ են գնում` կապված Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ. հատկապես թեժ են քննարկումները եկամտային հարկի համահարթեցման շուրջ: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս հարցին:

-Պրոգրեսիվ հարկը տրամաբանական է զարգացած, տնտեսական բարձր ակտիվություն ունեցող երկրներում: Առաջին հայացքից պրոգրեսիվ հարկումը արդարացի մոտեցում է, սակայն իրականության մեջ այն հանգեցնելու է հարկերից խուսափելու նոր սխեմաների եւ դժվար վերահսկման: Կապիտալը փորձելու է գտնել ավելի գրավիչ պայմաններով երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Վրաստանը, Բուլղարիան, Լիտվան եւ այլն: Համահարթեցման հարցի շուրջը մեծ քննարկում ենք ունեցել Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունում: Բնականաբար, կարծիքները տարբեր էին: Անձամբ ես ողջունում եմ համահարթեցման գաղափարը, քանզի գտնում եմ, որ այն առաջարկվող լավագույն տարբերակն է: Եթե անկեղծ լինեմ, ինձ համար անակնկալ էր, որ պետության կողմից առաջին անգամ ի նպաստ քաղաքացու որեւէ նախագիծ է առաջարկվել. իրապես երկար տարիների ընթացքում չեմ մտաբերում նման նախադեպ: Եկամտային հարկի համահարթեցումը բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատասեր մարդկանց համար` ինքնին նպաստելով տնտեսական ակտիվության աճին: Գործատուն իր հերթին ստիպված չի լինում աշխատել ստվերում եւ ծրարներով աշխատավարձ տալ իր աշխատողներին:  Պետությունն իր այս քայլով առաջնահերթ փորձում է նպաստել զբաղվածության բարձրացմանը, փորձում է քաղաքացու մեջ արթնացնել աշխատելու, այլ ոչ թե նպաստով ապրելու գիտակցությունը: Սկզբնական շրջանում համահարթեցումը գուցե եւ հանգեցնի բյուջեի մուտքերի նվազման, սակայն հեռանկարում հաստատ դրական արդյունք կունենանք:

Միգուցե համահարթեցումը լավ հարթակ է քաղաքական շահարկումների համար, սակայն, ի վերջո, բողոքողներն էլ պիտի ընդունեն, որ համահարթեցումը լավագույն տարբերակն է նաեւ իրենց համար: Իրականում այն լուրջ խթան է տնտեսական ակտիվության բարձրացման, ներդրողների ներհոսքի, միջին խավի ավելացման եւ ամրապնդման, աշխատավարձերը ստվերից դուրս բերելու եւ բարձրացնելու համար: Ողջունելի է կառավարության նման հեռատես մոտեցումը՝ մտածել քաղաքացու սոցիալական վիճակի մասին:

Ինչ վերաբերում է բանկային համակարգին, այստեղ աշխատավարձերը բարձր են շուկայում առկա միջին աշխատավարձերից: Կարծում եմ, որ այդ հանգամանքը նպաստել է բանկային համակարգի կայացմանը եւ կայունությանը: Հուսով եմ, որ պետության կողմից ձեռնարկվող քայլերը հնարավորություն կընձեռեն բարձրացնել նաեւ այլ ոլորտներում ներգրավված քաղաքացիների աշխատավարձերը:

-Քանի որ խոսեցինք եկամտային հարկի համահարթեցման մասին՝ որպես տնտեսական ակտիվությանը նպաստող գործոն, ուրիշ ի՞նչ կարեւոր միջոցառում կառանձնացնեիք երկրի հետագա տնտեսական զարգացման առումով:

-Հետագա տնտեսական զարգացման հարցում առաջնային եմ համարում գործող որոշ օրենքների վերանայումը, վերջիններիս արդիականացումը, տարբեր օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունների վերացումը, ինչը կհեշտացնի տնտեսվարողների գործունեությունը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը:

Տնտեսության զարգացմանը զուգահեռ օրենքները պիտի կատարելագործվեն: Մենք պետք է ժամանակին համընթաց շարժվենք, հակառակ դեպքում ձախողվելու ենք: Հավատացեք, այսօր մեր օրենքներում առկա են բազում թերություններ, անհամապատասխանություններ, ինչը խոչընդոտներ է ստեղծում զարգացման համար: Ուստի պիտի աշխատենք, ուսումնասիրենք այլ երկրների փորձը, օրենսդրությունը, ընտրենք ու քաղենք միայն լավը: Մինչ օրենքը ներդնելը կարեւոր եմ համարում նաեւ տարբեր փորձագետների, մասնագետների միջեւ քննարկումների կազմակերպումը, ինչը թույլ կտա հաշվի առնել բոլոր դրական եւ բացասական հետեւանքները:

-  Արդեն մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում եւ ինչպե՞ս եք դրանք գնահատում:

-  Փոփոխություններ, իհարկե, առկա են եւ բազում: Թավշյա հեղափոխության թերեւս ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը երիտասարդների, նոր սերնդի մեջ քաղաքական գիտակցության արթնացումն էր, նրանց մտածելակերպի փոփոխությունը: Այս հեղափոխությունը հնարավոր դարձավ հենց մեր երիտասարդների շնորհիվ: Հեղափոխության բացառապես խաղաղ բնույթը, արտաքին ուժի միջամտության բացակայությունը եւ հետագայում նաեւ արտաքին քաղաքականության անփոփոխ մնալը թույլ տվեցին կատարել իշխանության փոխանցում եւ ստանձնում` բացառելով երկրի համար վտանգավոր ցնցումները:

Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարը, մաքսազերծման գործընթացների դյուրացումը հեղափոխության անհերքելի ձեռքբերումներն են: Կուզենայի հատկապես նշել, որ հեղափոխությունից հետո փոխվել է պետական մարմին-տնտեսվարող սուբյեկտ հարաբերություների ձեւաչափը: Այժմ տնտեսվարողի նկատմամբ ձեւավորված է հարգալից վերաբերմունք:

Հաջողության հասնելու համար բոլորս պիտի համբերատար լինենք, աշխատենք ու նպաստենք դրական երեւույթների զարգացմանը: Այդ զարգացման թիվ մեկ նախադրյալ եմ համարում առողջ բանավեճը` առանց որեւէ վիրավորանքների կամ անձնական ամբիցիաների: Միանգամայն անընդունելի եմ համարում միմյանց հասցեին հնչեցվող զրպարտանքները, անհարգալից արտահայտությունները: 

Թարմացվել է` 17/07/2023 10:25