86 86
ENG

Նորություններ

14.06.2019

Հայէկոնոմբանկը 2018թ. ամփոփում է մի շարք էական նվաճումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով՝ ապահովելով բանկի շարունակական կայուն զարգացումը և անցումը գործունեության որակապես նոր մոտեցումների:

Բանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը ներկայացրեց հաշվետու տարում Բանկի հիմնական ցուցանիշների դինամիկան՝ նշելով, որ Բանկի ակտիվներն աճել են 16%-ով` կազմելով 221 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 190 մլրդ դրամի դիմաց, Բանկի հաճախորդներին տրված վարկերն աճել են 28%-ով` կազմելով 133 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 104 մլրդ դրամի դիմաց, Բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 4.5%-ով` կազմելով 95.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 91.7 մլրդ դրամի դիմաց, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 20%-ով՝ կազմելով 51 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 42 մլրդ դրամի դիմաց: Ընդհանուր կապիտալն աճել է 13,7%-ով` հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման և ձևավորված շահույթի հաշվին (վերջինս աճել է 34%-ով` կազմելով 2.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 1,5 մլրդ դրամի դիմաց)` կազմելով 33 մլրդ դրամ` նախորդ տարվա 29 մլրդ դրամի դիմաց: Հատկանշական է, որ 2019թ. Բանկն իր կանոնադրական կապիտալը համալրեց 3,37 մլրդ դրամով, և ներկա պահին նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 35 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ Բանկի արհեստավարժ մասնագետների, ինչպես նաև հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատման շնորհիվ վարկային պորտֆելը պահպանում է ավանդական բարձր որակը, և խնդրահարույց վարկերը կազմում են պորտֆելի ընդամենը 1%-ը (բանկային համակարգում տվյալ ցուցանիշը միջինում կազմում է 4,5%):

2018թ.-ի ձեռքբերումներից առանձնացվեց «Mobile Banking» համակարգի գործարկումը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվելու բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու:

Խոսվեց նաև 2018թ.-ի ընթացքում միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության մասին, կարևորվեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակներում «Կանայք բիզնեսում» ծրագրով վարկերի տրամադրումը, ինչի հաջող ընթացքն իրականացվեց ՎԶԵԲ տեխնիկական աջակցությամբ:

Բանկն առաջինն էր, որ հայաստանյան բանկային համակարգում ներդրեց կանխավճարի ապահովագրությունը, որն «Ազգային Հիփոթեքային Ընկերության» և «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկը դարձրեց առավել մատչելի սպառողին՝ շնորհիվ վճարվող ցածր կանխավճարի չափի:

Եզրափակելով իր ելույթը՝ Բանկի Վարչության նախագահը շնորհակալություն հայտնեց Բանկի հաճախորդներին, բաժնետերերին և գործընկերներին շարունակական վստահության և աջակցության համար:

Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն իր ելույթում անդրադարձավ շահաբաժինների վճարմանը և բարեգործական ծրագրերին, որոնք զարգացմանը զուգահեռ մշտապես դիտարկվում են որպես առաջնահերթություն: Նա նշեց, որ Բանկի հաջողությունը հնարավոր դարձավ նաև կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման ճշգրիտ և արդյունավետ համակարգերի կիրառման շնորհիվ, վստահեցրեց, որ Բանկը շարունակելու է անշեղորեն իրականացնել իր ռազմավարական ծրագիրը՝ ապահովելով կայուն զարգացումն ու առաջընթացը՝ որպես վստահելի և կանխատեսելի ֆինանսական կառույց:


 2019թ.-ի հունիսի 13-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 37.8 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը` մոտ 34.9 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 243.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 154.2  մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 56.5  մլրդ դրամ, շահույթը` 947.1  մլն. դրամ: Բանկն ունի 53 մասնաճյուղ (ներառյալ Գլխավոր գրասենյակը) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

 

 

 

Թարմացվել է` 26/06/2019 11:15