Բիզնես գրագիտություն
Իրացվելիություն ասելով հասկանում ենք կազմակերպության ֆինանսական պարտավորությունների կատարման հնարավորությունը, որը ցույց է տալիս կազմակերպության պարտավորությունների ծածկումը ակտիվներով, որոնց դրամական միջոցների վերածվելու ժամանակահատվածը համապատասխանում է պարտավորությունների մարման ժամանակահատվածին: Իրացվելիության հիմնական հատկանիշն է՝ շրջանառու ակտիվների արժեքի ֆորմալ գերազանցումը կարճաժամկետ պարտավորությունների նկատմամբ:
Կազմակերպության իրացվելիությունը նշանակում է նրա լիակատար վճարունակությունը և ենթադրում է ակտիվների ու պարտադիր վճարների միջև մշտական հավասարություն միաժամանակ երկու հատկանիշներով.
- Ըստ ընդհանուր գումարի,
- Ըստ դրամական միջոցների վերածվելու ժամանակահատվածի (ակտիվներ) և մարման ժամանակահատվածի (պարտավորություններ):
Կազմակերպությունում պատշաճ կազմակերպված աշխատանքը թույլ է տալիս արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսները և վճարումների իրականացման հետ կապված խուսափել խնդիրների ծագումից:
Կազմակերպության վճարունակության և իրացվելիության բարելավման համար անհրաժեշտ է կատարելագործել ֆինանսա-տնտեսական գործունեության հետևյալ ուղղությունները.
- Վճարային օրացույցի կազմում, անհրաժեշտ է հետևել վճարումների իրականացման կարգապահությանը, կազմակերպության դեբիտորների գործարար համբավին, իրականացնել դեբիտորական պարտավորությունների ամենօրյա մոնիթորինգ,
- Ձևավորել օպտիմալ հաշվարկային քաղաքականության,
- Դեբիտորական պարտավորությունների հետվերադարձի մանրակրկիտ հետևում, սահմանել դեբիտարական պարտավորությունների առավելագույն սահմանաչափ, որը գերազանցելու դեպքում պետք է դադարեցվի ապրանքների կամ ծառայությունների առաքումը դեբիտորին,
- դեբիտորական պարտավորությունների վերադարձման արագացման նպատակով զեղչերի տրամադրման համակարգի մշակում և ներդնում,
- Կրեդիտորական պարտավորությունների վճարման վերջնաժամկետի հետաձգում,
- Կրեդիտորական և դեբիտորական պարտավորությունների համապատասխանեցում ըստ գումարների և ըստ ժամանակահատվածի,
- Մատակարարներին վճարման ենթակա հաշիվների գծով վճարումների իրականացում փուլերով, այսինքն պայմանագրային հիմունքներով վճարումների մաս-մաս իրականացում , ինչը կարող է իրականացվել հետևյալ տեսքով. կանխաճար-վճարում առաքման կամ բեռնման փաստով-վճարման իրականացում ապրանքների ստացումից որոշ ժամանակ անց: Այս մոտեցումը թույլ է տալիս դրամական միջոցները աստիճանաբար դուրս բերել բիզնեսից:
Ընդհանուր իրացվելիությունը կարելի է կատարելագործել մի շարք կառավարչական որոշումներով, որոնցից առավել արդյունավետ են.
- Արտադրական ծախսերի կրճատում,
- Չօգտագործվող ռեսուրսների (ակտիվների) վաճառք,
- Երկարաժամկետ ֆինանսական աղբյուրների ներգրավում՝ կարճաժամկետի փոխարեն:
Դեբիտորական պարտավորությունների վերադարձման հետ կապված խնդիրների ծագման և մարման ժամանակահատվածի փոփոխության հնարավորության կամ հաշտության համաձայնության կնքման բացակայության դեպքում, դրանց վերադարձման համար հնարավոր է օգտագործել դատական գործընթացի կիրառումը: