Հաճախորդամետ սպասարկման հմտությունները զարգացնելու և արդյունավետ վաճառքների աճը խթանելու համար Հայէկոնոմբանկի ավելի քան 200 աշխատակիցներ մասնակցեցին «Հաճախորդամետ վաճառքներ» վերտառությամբ դասընթացին: Դասընթացը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին, վարում էր BEWISE ակադեմիայի հիմնադիր տնօրեն Միքայել Դալլաքյանը:
«Աշխատակիցներին մասնագիտական գիտելիքներով զինելը Հայէկոնոմբանկի համար կարևոր առաջնահերթություն է: Հենց այդ պատճառով մասնագիտական վերապատրաստման դասընթացները մեզ մոտ շարունակական բնույթ են կրում: Այս անգամ թիրախում խաչաձև վաճառքների (cross-selling) գործիքների կիրառման արդյունավետության բարձրացումն էր, և հենց այդ պատճառով էլ որոշում կայացվեց ներգրավել առավելապես հաճախորդների անմիջական սպասարկման հետ առնչություն ունեցող աշխատակիցներին մասնաճյուղային ցանցից: Միևնույն ժամանակ, մենք ընտրեցինք ոլորտի լավագույն մասնագետներին, ովքեր կարող են մեր աշխատակիցներին գրագետ և թիրախավորված փոխանցել անհրաժեշտ գիտելիքները», - նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը:
«Մենք բավական երկար ենք պատրաստվել դասընթացի իրականացմանը՝ դասընթացավարների հետ համատեղ մշակելով մատուցվող տեղեկատվությունը, որը հատուկ ադապտացվել էր բանկային պրոդուկտների վաճառքը խթանելու համար: Հաճախորդամետ մոտեցման և սպասարկման շրջանակում մեր աշխատակիցները զարգացրին հաճախորդներին ճանաչելու և տարբերակելու, շփման ճիշտ ձևաչափն ընտրելու և խաչաձև վաճառքներ իրականացնելու իրենց կարողությունները: Մեզ համար սա խորհրդանշական դասընթաց էր, քանի որ հենց սրանով մեկնարկեց Հայէկոնոմբանկի նոր ուսումնական կենտրոնի գործունեությունը, որը կոչված է կարևոր հարթակ դառնալ մեր աշխատակիցների շարունակական զարգացման համար», - հավելեց Հայէկոնոմբանկի Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Մարիամ Գևորգյանը:
Կարևորելով հաճախորդակենտրոն մշակույթի զարգացումը մասնաճյուղային ողջ ցանցում՝ Հայէկոնոմբանկը պարբերաբար վերապատրաստման դասընթացներ է նախաձեռնում աշխատակիցների համար, որոնց նպատակն է խթանել ծառայությունների որակի բարձրացումը:
Subscribe and be the first to know about our news and offers.