Հայէկոնոմբանկը միացել է կարևոր բնապահպանական նախաձեռնության, որի շրջանակում ԿԲ և բոլոր առևտրային բանկերի ֆինանսավորմամբ երեք տարում հիմնվելու է 100 հա նոր անտառ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Նախատեսվում է տնկել 300,000 (երեք հարյուր հազար) տեղական անտառային տեսակի ծառ:

Նոյեմբերի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ միջև տեղի է ունեցել եռակողմ հուշագրի ստորագրման արարողությունը: Միջոցառման ընթացքում մեծապես  կարևորվել է հայաստանյան բանկային համակարգի հավատարմությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին, որի հերթական օրինակը ավելի քան  250 մլն դրամ արժողությամբ այս համատեղ ռազմավարական ծրագիրն է:

Բնապահպանական այս նախաձեռնությունը մեկնարկել է 2023 թվականին ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացված նախագծով, երբ Հայաստանի բոլոր բանկերը և Կենտրոնական բանկը միասին տնկեցին 50 հեկտար անտառ Լոռու մարզի Ուրասար և Ջրաշեն բնակավայրերի մոտ։

Հավատարիմ մնալով կանաչ ապագա կերտելու իր հանձնառությանը՝ Հայէկոնոմբանկը կարևորում է բնապահպանական նախագծերում իր մասնակցությունը՝ վստահ լինելով, որ բնության պահպանության համար ժամանակին արված յուրաքանչյուր ներդրում կարևոր է: 

Այլ նորություններ