Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ 2025 թվականի տարեկան ժողովի շրջանակում Հայէկոնոմբանկը հայտարարեց Զինվորի տան հետ կարևոր նախաձեռնության մեկնարկի մասին:
Համագործակցությունը երկու հիմնական ծրագիր է ներառում: Առաջինը կրթական ծրագիր է զինհաշմանդամների համար՝ Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ: Երկրորդ ծրագրի նպատակն է ընդլայնել Զինվորի տան թողունակությունը՝ ստացիոնար բուժման հնարավորությունների բարելավմամբ։ Այս տարի մեկնարկած 50 մլն դրամ ընդհանուր գումարով ծրագիրը շարունակվելու է նաև 2026 թվականին:
Հայէկոնոմբանկի և Զինվորի տան կողմից անցկացված դասընթացներին մասնակցել է Զինվորի տան մոտ երեք տասնյակ շահառու: Երկամսյա ծրագիրը ներառել է լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, փափուկ հմտությունների, այդ թվում՝ սթրեսակայունության և հաղորդակցման կարողությունների բարելավման դասընթացներ:
«Նախնական փուլում իրականացվել է կրթական կարիքների գնահատում, այնուհետև ձեռնամուխ ենք եղել դասընթացների անցկացմանը: Մեծ ուշադրություն է հատկացվել օտար լեզուներով բանկային բառապաշարի հարստացմանը և փափուկ հմտությունների զարգացմանը: Տղաները շատ կիրառական գիտելիքներ են ստացել ծրագրի շրջանակում և իսկապես ոգևորված են այս նախագծով», - Զինվորի տան և Բանկի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց Զինվորի տան Կրթական բաժնի ղեկավար Սաթենիկ Էլբակյանը:
Հաշվի առնելով ծրագրի մասնակիցների հետաքրքրվածությունը և կարևորելով նրանց պատրաստվածությունը՝ Հայէկոնոմբանկը նախաձեռնեց հավելյալ սեմինար-քննարկում Բանկային գործի վերաբերյալ: Բանկի Մասնաճյուղերի գործունեության պլանավորման և հսկողության բաժնի պետ Մարիաննա Մելիքջանյանը ներկայացրեց բանկային համակարգի օրենսդրական դաշտը, Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներն ու նպատակները, առևտրային բանկերի գործունեությունը: Հայէկոնոմբանկի Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Մարիամ Գևորգյանը ներկայացրեց Հայէկոնոմբանկի հիմնական կառուցվածքը, էթիկայի և գործարար վարվելակերպի այն հիմնարար նորմերը, որոնք պարտադիր են Բանկի բոլոր աշխատակիցների համար: Անդրադարձ կատարվեց Բանկում աշխատանքի ընդունման ընթացակարգերին և աշխատակիցներին տրվող հիմնական առավելություններին:
«Մենք անչափ կարևորում ենք Զինվորի տան հետ իրականացվող այս ծրագիրը: Լիահույս ենք, որ կարող ենք առաջ շարժվել և Բանկում աշխատանքի հնարավորություն առաջարկել ծրագրի շահառուներին: Մենք երկու հիմնական բաժին ենք դիտարկում աշխատանքի համար՝ մասնաճյուղային ցանցի վարկային բաժնում և Հաճախորդների աջակցման կենտրոնում, բայց կախված տղաների հմտություններից և նախասիրություններից՝ կարող են դիտարկվել այլ ստորաբաժանումներ ևս», - նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանը:
Հայէկոնոմբանկը մեծ պատասխանատվությամբ և հոգածությամբ է վերաբերվում Զինվորի տան հետ իրականացվող այս սոցիալական ծրագրին և լիահույս է շարունակել համագործակցությունը 2026 թվականին՝ արձանագրելով ավելի շոշափելի արդյունքներ:
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին