Հայէկոնոմբանկը մասնակցեց KFW Խմբի անդամ DEG Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կողմից գործընկեր ֆինանսական հաստատությունների համար կազմակերպված Green Days համաժողովին, որն անցկացվում էր Ստամբուլում:
Ս.թ. ապրիլի 29-30-ին անցկացված միջոցառմանը Հայէկոնոմբանկից մասնակցում էին Միջազգային գործառնությունների վարչության պետ Լևոն Մովսիսյանը, Միջոցների ներգրավման և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Սարգիս Ծատուրյանը և Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը:
Երկօրյա ինտենսիվ ելույթներն ու քննարկումներն ուղղված էին կայուն ֆինանսների, կանաչ ներդրումների և ցածր ածխածնային տնտեսության առաջմղման գործում ֆինանսական հաստատությունների աճող դերակատարությանը: Միջոցառումը մասնագիտական երկխոսության կարևոր հարթակ էր Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների համար:
«Հայէկոնոմբանկը շնորհակալ է մեր ռազմավարական գործընկերոջը՝ Գերմանական ներդրումների և զարգացման ընկերությանը, հրավերի և համաժողովին մասնակցության հնարավորության համար: Այն արժեքավոր հարթակ էր ոչ միայն կայուն ֆինանսավորման նորագույն լուծումների և ուղղությունների վերաբերյալ մեր մասնագիտական գիտելիքները հարստացնելու, այլ նաև տարածաշրջանային գործընկերների հետ փորձի փոխանակման և նոր կապերի հաստատման համար: Լիահույս ենք, որ տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը շարունակական կլինի, և Հայէկոնոմբանկը կշարունակի ակտիվ դերակատում ունենալ այս համատեքստում», - նշում է Լևոն Մովսիսյանը:
Հայէկոնոմբանկը, հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, շարունակում է քայլեր ձեռնարկել կանաչ ֆինանսավորումը որպես ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու և զարգացնելու համար: