Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը մասնակցեց Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի  կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովին:

Մայիսի 12-ին Երևանում կայացած համաժողովը նվիրված էր միջազգային կառույցների, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի միջոցով իրականացվող ծրագրերի ազդեցությանը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վրա։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում գործադիր և օրենսդիր մարմնի, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման նպատակն էր վերհանել ոլորտի արդյունավետ զարգացմանը խոչընդոտող խնդիրները և առաջարկել լուծումներ, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսության աճը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ները տնտեսության շարժիչ ուժն են՝ Հայէկոնոմբանկն ակտիվորեն ներգրավված է ՓՄՁ վարկավորման ոլորտում: Մենք աշխատում ենք ինչպես պետական ծրագրերի շրջանակում և միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցներով, այնպես էլ սեփական ռեսուրսներով: ՓՄՁ պորտֆելը Հայէկոնոմբանկում կազմում է մոտ 126 մլրդ դրամ, ինչն առևտրայի վարկերի մոտ 60%-ն է, իսկ պետական աջակցությամբ տրամադրվող վարկերի ծավալը գնահատվում է 13 մլրդ դրամ: Այս թվերը, թերևս, խոսում են Բանկի համար ոլորտի կարևորության մասին», - իր ելույթում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենը:

Անդրադառնալով բիզնեսներին առաջարկվող ֆինանսական գործիքներին՝ Արտակ Առաքելյանը նշեց, որ Հայէկոնոմբանկն առաջարկում է տարատեսակ առևտրային վարկեր և գործընկերության ծրագրեր՝ հնարավորություն տալով ձեռներեցներին ընտրելու բիզնեսի զարգացման առավել հարմար գործիք:

Համաժողովը կարևոր հարթակ էր ՓՄՁ ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդման և բիզնեսների զարգացմնան համար ավելի բարենպաստ լուծումներ գտնելու համար:                                                                                                                                                                                                                                                                

Այլ նորություններ