Հայէկոնոմբանկը 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամային վարկային պայմանագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ, որը նշանավորում է տեղական արժույթով ԱԶԲ-ի առաջին վարկային գործարքը Հայաստանում։ Երկրորդ՝ 4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը հնարավոր է դարձել Կանադայի կառավարության ֆինանսական ներգրավվածության շնորհիվ՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված Կանադայի կլիմայի և բնության հիմնադրամի (CANPA) միջոցով:
Ֆինանսավորման փաթեթը, որը ներառում է ԱԶԲ-ի կողմից տրամադրված 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամային վարկը և 4 միլիոն ԱՄՆ դոլարի CANPA վարկը, ուղղվելու է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ընդլայնմանը, այդ թվում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին, ինչպես նաև կլիմայական և «կանաչ» վարկավորման ծավալների աճին։
«Մենք բարձր ենք գնահատում Ասիական զարգացման բանկի հետ շարունակաբար ամրապնդվող մեր գործընկերությունը։ ԱԶԲ-ի դերը Հայաստանում և տարածաշրջանում զարգացման նախաձեռնությունների առաջխաղացման գործում չափազանց կարևոր է։ Մենք նաև ողջունում ենք Կանադայի կառավարության ներգրավվածությունը, որը արտացոլում է միջազգային համագործակցության և տնտեսական առաջընթացին ուղղված համատեղ հանձնառության կարևորությունը։ Մենք ակնկալում ենք հետագայում ևս ընդլայնել մեր համագործակցությունը և միասին հասնել նոր ձեռքբերումների», - նշել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը։
ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուք Ֆոչթմանը նշել է. «Այս գործարքը կարևոր հանգրվան է Հայաստանի համար։ Սա մասնավոր հատվածի համար ԱԶԲ-ի առաջին գործառնությունն է երկրում, որն իրականացվում է Կանադայի կառավարության աջակցությամբ։ Այն առանձնահատուկ է իր կառուցվածքով, որը համատեղում է առևտրային վարկավորումը արտոնյալ ֆինանսավորման հետ։ Արտոնյալ բաղադրիչը խթանող դեր ունի․ այն հնարավորություն է տալիս Հայէկոնոմբանկին արագացնել իր կանաչ և կայուն ֆինանսավորումը՝ փորձարկելով, ընդլայնելով և ընդգրկելով ավելի մեծ թվով հաճախորդների։ Այս գործընկերությունը խթանում է ֆինանսական և ինստիտուցիոնալ նորարարությունը՝ ապահովելով էական զարգացման հնարավորություն Հայաստանի համար։ Հուսով ենք, որ սա մեր բազմաթիվ ապագա համագործակցություններից առաջինն է»։
Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է. «Կանադայի դեսպանությունը շարունակաբար աշխատում է Կանադա–Հայաստան հարաբերությունների ամրապնդման համար: Ուրախ եմ այսօր այստեղ լինել ԱԶԲ-ի և Հայէկոնոմբանկի հետ՝ նշելու այս կարևոր համագործակցությունը։ Կանադայի համար պատիվ է աջակցել այս նախագծին։ Սա Հայաստանում Կանադայի Կլիմայի ֆինանսավորման ծրագրի շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող առաջին ֆինանսավորման պարտավորությունն է, և այն կարևոր փուլ է մեր գործընկերության համար»։