Հայէկոնոմբանկի և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) համագործակցության շրջանակում Բանկը հյուրընկալեց ֆինանսական խորհրդատու, UBS Financial Services ընկերության փոխնախագահ Մարկ Չենյանին: Վերջինս Բանկի աշխատակիցների համար հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով իր պրոֆեսիոնալ գործունեության, ինչպես նաև Հայաստանում իր հետաքրքրությունների շրջանակը՝ հիմնական շեշտը դնելով ներդրումային բանկինգի արևմտյան մշակույթի և Հայաստանում դրա զարգացման անհրաժեշտության վրա:
«Վերջին տարիներին Հայաստանում իմ ուշադրությունը սևեռված է հիմնական մի քանի ուղղությունների վրա: Առաջինն Ակադեմիական քաղաքն է. ես կարծում եմ, որ Հայաստանում կրթության որակը բարելավելու համար արմատական փոփոխություններ են պետք, փորձում եմ ամեն ինչ անել, որ ամերիկյան լավագույն համալսարանների փորձը կարողանանք բերել Հայաստան: Ես հավատացած եմ, որ դավաճանություն է հաջորդ սերնդին լավ կրթության հնարավորություն չտալը: Երկրորդը Հայաստանի մասնավոր սեկտորի տնտեսական աճն է. մենք պետք է ձգտենք այնպիսի աճի, որը զգալի կլինի շարքային քաղաքացու համար: Երրորդ, ես փորձում եմ նպաստել ներդրումային բանկինգի մշակույթի զարգացմանը Հայաստանում: Իմ նպատակն է հասնել նրան, որ Հայաստանը զարգացող շուկայական ուղղություն դառնա աշխարհում, ինչը ֆինանսական միջոցների մեծ հոսք կապահովի Հայաստան ամբողջ աշխարհից», - իր խոսքում նշեց Չենյանը:
Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց բանկային ոլորտում ներդրումային գործիքակազմի կատարելագործմանը և համաշխարհային արդի միտումներին համապատասխան մասնագիտական որակավորման բարձրացման, այդ թվում CFA սերտիֆիկացման կարևորությանը՝ որպես ներդրումային բանկինգի զարգացման կարևոր նախապայման: Այս համատեքստում Չենյանը կարևորեց կանանց ներուժի իրացումը՝ դիտարկելով կանանց՝ որպես մտավոր կապիտալ, Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացման առանցքային գործոն:
Մարկ Չենյանի հետ բովանդակային քննարկումը յուրօրինակ մոտիվացիոն հարթակ էր, որը նոր լիցք հաղորդեց ներկաներին՝ զինելով նորարարական գաղափարներով և մշտապես կատարելագործվելու վճռականությամբ: