Կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարելավումը՝ Հայէկոնոմբանկը շարունակական քայլեր է ձեռնարկում տարբեր ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ների վարկավորումն ապահովելու համար:

Հերթական համագործակցությունն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ է. «ԻՐԻՍ Աքսելերատոր և շրջանառու ֆոնդ» նախաձեռնության շրջանակում՝ RECONOMY ծրագրի աջակցությամբ իրականացվում է «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագիր» գյուղատնտեսության, գյուղարտադրանքի, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների ՓՄՁ-ների համար: Նպատակն է ՓՄՁ-ներին առաջարկել ներդրումային միջոցների ներգրավման այլընտրանքային և շահավետ տարբերակ։

Հատուկ մշակված ուսումնական ծրագրի, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետների ու մենթորների աջակցությամբ մասնակիցները կստանան այն գործիքակազմը, որը ընկերության կարիքներին համապատասխան կօգնի մասնակցին մշակել իր բիզնեսի ընդլայնման, մասշտաբավորման և/կամ  արտահանման ռազմավարական ծրագիրը և դիմել ԻՐԻՍ ԲԻ-ի շրջանառու ֆոնդին։

Ծրագրի շրջանակում շրջանառու ֆոնդի միջոցները տրամադրվելու են Հայէկոնոմբանկի միջոցով: Մասնակցելով ծրագրի բոլոր հիմնական փուլերին՝ Բանկը գնահատելու է գործող բիզնեսի կենսունակությունը և իրականացնելու է վարկունակության գնահատում:

Մասնակցության համար կարող են դիմել

  • առնվազն 1 տարի գործող գրանցված ՓՄՁ-ներ, 
  • աճի փուլում գտնվող` 1-ից մինչև 3 տարի գործող գրանցված ՓՄՁ-ներ,
  • 3 և ավել տարի գործող հասուն ՓՄՁ-ներ:


Ծրագիրը խրախուսում է հայտադիմումներ այն ՓՄՁ-ներից, որոնք հիմնադրվել են, ղեկավարվում են կամ որոշում կայացնող պաշտոններում ներգրավված են կանայք, երիտասարդներ, ինչպես նաև տեղահանված անձինք, խոցելի կամ մեկուսացված համայնքների ներկայացուցիչներ՝ սահմանամերձ բնակավայրերից։ Նախնական ընտրության փուլում առավելությունը կտրվի նշված թիրախային խմբերին:

Նոյեմբերի 28-ին կայացած առցանց տեղեկատվական հանդիպման ընթացքում ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի ներգրավման փորձագետ Նատալի Նասիբյանը նշեց, որ ներդրումային փիչինգն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում, ինչը շատ լավ փորձառության հնարավորություն է մասնակից ձեռներեցների համար:

Անդրադառնալով Հայէկոնոմբանկի հետ համագործակցությանը՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանն ընդգծեց. «Ֆինանսական գործընկերոջ ընտրության հարցում մեզ համար առաջնային խնդիր էր ձեռներեցների համար լավագույն պայմաններ ապահովելը, և երկարատև բանակցություններից հետո մեր ընտրությունը կանգ առավ Հայէկոնոմբանկի վրա, որը ոչ միայն առաջարկեց ամենացածր տոկոսադրույքը, այլ նաև ձեռներեցների հետ ճկուն աշխատելու պատրաստակամություն հայտնեց»:

Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը, մեծապես կարևորելով ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ ավելի քան 4 տարի շարունակվող համագործակցությունը, նշեց. «Մեր որդեգրած առաքելությունն է ոչ միայն մատուցել ֆինանսական ծառայություններ, այլ նաև տրամադրել խորհրդատվության, աջակցել մենթորությամբ, նպաստել ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարելավմանը: Հենց այդ պատճառով ի տարբերություն այլ նմանատիպ ծրագրերի՝ այս անգամ մենք որոշում ենք կայացրել ներգրավված լինել ծրագրի բոլոր փուլերում, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի ճիշտ ուղղորդել մասնակիցներին, օգնել կատարել անհրաժեշտ շտկումներ և ստանալ շուկայում այս պահին հնարավոր լավագույն դրամային վարկը»:

Ծրագրին մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են 2025 թ. նոյեմբերի 11-ից մինչև 2026 թ. հունվարի 12-ը։ Առցանց և անցանց 9 հիմնական մոդուլներից բաղկացած դասընթացը մեկնարկելու է 2026 թվականի հունվարի 19-ին և տևելու է մինչև ապրիլի 30-ը:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Սույն ծրագիրն իրականացվում է «ԻՐԻՍ Աքսելերատոր և Շրջանառու ֆոնդ» նախաձեռնության շրջանակում՝ RECONOMY ծրագրի աջակցությամբ։ RECONOMY-ն ներառական և կանաչ տնտեսական զարգացման տարածաշրջանային ծրագիր է, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից և իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրներում։

Այլ նորություններ