Հայէկոնոմբանկի աշխատակիցները հաջողությամբ ավարտեցին «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» երկամսյա ինտենսիվ դասընթացը, որն անցկացվեց ՀՀ Լիզինգատուների Ասոցացիայի և Partners Invest Խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ: 12 մոդուլներից բաղկացած համապարփակ դասընթացի նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները լիզինգային գործարքների կառուցվածքի, ռիսկերի կառավարման, ֆոնդահայթայթման և օրենսդրական փոփոխությունների ոլորտներում։

Դասընթացը բաղկացած էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական հատվածից՝ ներառելով վաճառքների և բանակցությունների հմտությունների զարգացում, խաչաձև վաճառքների մեխանիզմներ և լիզինգային նախագծերի գնահատման առանձնահատկություններ։

«Հայէկոնոմբանկը ներկա փուլում պատրաստվում է լիզինգային գործառնությունների իրականացմանը: Գործիքն արդյունավետ ներդնելու և կիրառելու համար մենք ձգտում ենք ամրապնդել աշխատակիցների մասնագիտական գիտելիքները: Շնորհակալ ենք Հայաստանի Լիզինգատուների Ասոցացիայի նախագահին բովանդակալից և հագեցած դասընթացի համար: Վստահ եմ, որ մեր աշխատակիցներն ստացած գիտելիքները կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում», - հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում:

Իր հերթին, ՀՀ Լիզինգատուների Ասոցացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ընդգծելով իրականացվող խորհրդատվության կարևորությունը, վստահություն հայտնեց, որ Հայէկոնոմբանկն ունի բավարար ներուժ լիզինգի շուկայում իր հաստատուն տեղը գրավելու համար. «Ուրախ եմ, որ լիզինգի շուկայում նոր միավոր ենք ունենալու: Ավելի քան վստահ եմ, որ Հայէկոնոմբանկն ունի այն կարողություններն ու հաճախորդների բազան, որն անհրաժեշտ է շուկայում հաջողելու համար: Լիահույս եմ, որ Հայէկոնոմբանկի մասնակցության շնորհիվ լիզինգի շուկան էականորեն շահելու է»:

Հայէկոնոմբանկը, կարևորելով մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, պարբերաբար նախաձեռնում է վերապատրաստման դասընթացներ աշխատակիցների համար:

Այլ նորություններ